Հայաստանի Ազգային Ժողովում, այսօր՝ փետրվարի 21-ին, կայացած պաշտոնական արարողության ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` ազդարարելով նոր մեկամյա նախաձեռնության սկիզբը, համաձայն որի ԱՄՆ ՄԶԳ-ն տեխնիկական օժանդակություն կտրամադրի Հայաստանի խորհրդարանին` ընթացակարգային գործառնությունների, հասարակայնության հետ կապերի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի տեղեկատվական, վերլուծական եւ հետազոտական կարողությունների բարելավման նպատակով:
Տիկին Հիլիարդը նշել է, որ Հուշագրի ստորագրումը պաշտոնականացնում է երկարամյա համագործակցությունը, ինչը վկայում է ԱՄՆ եւ Հայաստանի` երկրում ժողովրդավարության ինստիտուտների հզորացման նպատակով համագործակցելու պատրաստակամության մասին:
ԱԺ Նախագահ Հ. Աբրահամյանը նշել է, որ ԱԺ եւ ԱՄՆ Կառավարության միջեւ գործակցությունը նպատակաուղղված է ՀՀ Կառավարության անկախության հզորացմանը եւ նրա օրենսդրական ճյուղի ամրապնդմանը: ԱԺ նախագահը ասել է, որ երկկողմ հարաբերությունները երկու երկրների միջեւ հիմնված են ընդհանուր արժեքների եւ շահերի վրա եւ խթանում են տարածաշրջանում խաղաղության ու կայունության կայացմանը:
Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են Հայաստանի խորհրդարանի դերի եւ կարողությունների հզորացման ուղղությամբ` ընտրված հանձնաժողովների կողմից քաղաքացիների շահերի ավելի լավ ներկայացման, գործադիր իշխանության վերահսկման, հանձնաժողովների վերլուծական կարողությունների ամրապնդման եւ ընտրված հանձնաժողովները կառավարող կանոնների եւ ընթացակարգերի արդիականացման միջոցով:



























