Փետրվարի 20-ին թունավորմամբ շտապօգնության ավտոմեքենայով Գյումրու բժշկական hամալիր են տեղափոխվել Կամոյի 73/6 հասցեի բնակիչներ` 53-ամյա Վաչագան Սարգսյանն ու 37–ամյա Նառա Գալոյանը:
NEWS.am-ի Գյումրիի թղթակցի հետ զրույցում բժիշկ Կորյուն Թեւոսյանը հայտնեց, որ տուժածները թունավորվել են շմոլ գազից.
«Ամուսիններն ընդունվել են սուր էկզոգեն թունավորմամբ, անցել են բժշկական մի շարք հետազոտություններ, ստացել ամբուլատոր բուժում ու դուրս են գրվել»,- ասել է բժիշկը:
Տուժած Վաչագան Սարգսյանը պատմեց, որ լոգարանում տեղադրված կաթսայից գազի արտահոսքի պատճառով է իրենց ինքնազգացողությունը վատացել ։
«Կինս լոգարանում գործ էր անում, երկար ժամանակ դուրս չէր գալիս, մինչեւ հասա, լոգարանի փականը բացեցի, նա արդեն ուշագնաց էր եղել, ես էլ զգացի, որ վատանում եմ հոտից, հասցրեցի արագ շտապօգնություն զանգահարել»- պատմեց Վաչագան Սարգսյանը:
Բժշկական համալիրում տեղեկացրին, որ սա իրենց մոտ գրանցված շմոլ գազի թունավորման արդեն չորրոդ դեպքն է մեկ շաբաթվա ընթացքում:



























