Լոռիի մարզի Մեծավան գյուղի 53-ամյա բնակիչ Գուրամ Մ.-ն մեղադրվում է համագյուղացի Խաչատուր Պ.-ին պատկանող 20 տոննա խոտը հրկիզելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին: Գուրամ Մ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դիտավորությամբ հրկիզել է նույն գյուղի բնակիչ Խաչատուր Պ.-ին պատկանող շուրջ 20 տոննա խոտը՝ պատճառելով 1 մլն դրամ վնաս:

Գուրամ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, որը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 27-ին: