Շիրակի մարզի Գյումրիի բնակիչ Համլետ Բ.-ն մեղադրվում է Ճանապարհային ոստիկանության տեսուչ, ոստիկանության մայոր Ռոբերտ Ա.-ին հարվածելու եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 22-ին: ՃՈ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ռոբերտ Ա.-ն, ծառայության մեջ գտնվելով ոստիկանության կապիտան Ա. Մանուկյանի հետ, կանգնեցրել են «BMW 318» մակնիշի մեքենան, որի վարորդը Համլետ Բ.-ն է: Զրուցելու ընթացքում նախ պարզվել է, որ Համլետը վարորդական իրավունք չունի, իսկ այնուհետեւ պարզ է դարձել, որ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ է:
Ռոբերտ Ա.-ն Համլետ Բ.-ին տեղափոխել է Գյումրիի «Հոգեկան առողջության կենտրոն» սթափությունը ստուգելու: Շենքից դուրս գալիս Ռոբերտ Ա.-ն պահանջել է Համլետ Բ.-ից գնալ տուգանային հրապարակ, սակայն վերջինս հայհոյել է ոստիկանության ներկայացուցչին, քաշքշել եւ ձեռքերով հարվածել դեմքին, կրծքավանդակին:
Համլետ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 27-ին:




























