Պետական բյուջեի միջոցները չեն բավարարում թոշակներն ավելացնելու համար, որովհետեւ հարկային բեռն աշխատողների վրա դառնում է անտանելի, ինչը խաթարում է արդյունավետ աշխատանքի մոտիվացիան, հարվածում է տնտեսությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովի իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դա իրականում վատթարացնում է երկրներում սոցիալական վիճակը, թեեւ շատ երկրներ գտնում են նաեւ երկրորդ տարբերակը եւ մենք տեսանք, թե Բելգիայում ինչ ընդզվումներ եղան, երբ Բելգիայի կառավարությունն ասաց՝ սիրելի քաղաքացիներ, այն սոցիալական բեռը, որ պետությունն իր վրա վերցրել է, այլեւս չենք կարողանում կատարել, եկեք որոշակի պարտավորություններից, որ պետությունն ստանձնել է, հրաժարվենք, որովհետեւ պետական բյուջեն այլեւս չի դիմանում դրան:
«Տեսանք, որ փոքրիկ Բելգիայում 3,5 մլն մարդ դուրս եկավ փողոց՝ ընդվզելով այդպիսի օրենսդրական փոփոխությունների դեմ, որովհետեւ նրանք ասում են՝ մենք մեր կյանքը պլանավորել ենք՝ հաշվի առնելով այն օրենսդրական դաշտը, որն այս պահին գործում է մեր երկրում, ասում են՝ մենք պատրաստ չենք այդ փոփոխությանը, գտեք այլ լուծումներ»,-ասել է վարչապետը:
Իսկ կենսաթոշակային նոր համակարգի տրամաբանությունն, ըստ Տիգրան Սարգսյանի, այն է, որ ցանկացած աշխատող քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ապահով ծերության համար: «Այն պահից, երբ դուք ունեք աշխատանք եւ եկամուտ, պարտավոր եք պետության հետ մտածել ձեր ապահով ծերության մասին: Սա է քաղաքական բովանդակությունը: Այս քաղաքական բովանդակությանը կարող են դեմ լինել սոցիալիստական գաղափարախոսություն քարոզող որոշ ուժեր:
Աշխատող քաղաքացին պետության հետ միասին պետք է պատասխանատվություն կրի իր ապահով ծերության համար եւ կուտակի հենց այն պահից, երբ եկամուտ է ստանում»ասել է նա՝ հավելելով, որ աշխարհում չկա որեւէ երկիր, որը ներդնի պարտադիր կուտակային համակարգը եւ չստանա դժգոհություն, չլինի դիմադրություն, չի եղել այդպիսի երկիր եւ Հայաստանը բացառություն չէ:



























