Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լեւոն եւ Մարինե Հովհաննիսյաններին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի եւ հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության եւ անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատեւության կարեւորագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:



























