Հայաստանի բնապահպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ Կովկասի բնության հիմնադրամի /ԿԲՀ/ պատվիրակության հանդիպման ընթացքում: Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեւիդ Մորիսոնը նախարարին համառոտ ներկայացրել է Հիմնադրամի 2013 թ. կատարած աշխատանքների արդյունքները եւ ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես շեշտելով, որ 2014թ. Հայաստանում բնապահպանական ծրագրերի համար նախատեսվել է ծախսել 282 մլն դրամ:
Անդրադառնալով ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ծրագրերին՝ Մորիսոնը գոհունակությամբ նկատել է, որ դրական արդյունքներ են արձանագրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ներկայումս աշխատանքներ են տարվում կառավարման եւ մարդկային ռեսուրսների բարելավման առումով: Հիմնադրամի տնօրենը դրական է գնահատել նաեւ բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում տարվող աշխատանքների ընթացքը եւ հատուկ անդրադարձել «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրիրը: Վերջինս իր տարածքով լինելու է ամենամեծը տարածաշրջանում: Նախարար Արամ Հարությունյանը նկատել է, որ կենսոլորտային տարածքի ստեղծման հիմնական նպատակներից մեկը եղել է ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ազդեցության նվազեցումը:
ԿԲՀ–ի տնօրենը բարձրացրել է նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտության հարցը: ՀՀ բնապահպանության նախարարը հյուրին տեղեկացրել է, որ նախարարության հեղինակած «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին ՀՀ օրենքի նախագծում, որը գտնվում է ԱԺ-ում, հատուկ դրույթներ են առանձնացվել էկոտուրիզմի համար, ինչը, ըստ նախարարի, կապահովի խնդրի օրենսդրական կարգավորման հարցը:
Կողմերը քննարկել են նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մոդելների կատարելագործման հարցերը: Արամ Հարությունյանը հատուկ կարեւորել է այն՝ նկատելով, որ գործընթացը սկսվել է Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ եւ նպատակաուղղված է հատուկ պահպանվող տարածքներում մարդկային որակյալ եւ բարձր վճարվող ռեսուրսների ներգրավմանը:
Կողմերը համաձայնվել են համագործակցություն ծավալել նաեւ ոլորտին առնչվող մի շարք այլ ծրագրերի շուրջ:



























