Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում ճանաչված խաղողագործների, գինեգործների, գիտնականների մասնակցությամբ քննարկել են խաղողագործության զարգացման ռազմավարությունը:
Խաղողագործությունը եւ գինեգործությունը Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են: Եվ չնայած վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ եւ մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվել են խաղողի արտադրության վերականգնման եւ գինեգործության զարգացման միտումներ, սակայն ոլորտը համակարգված մոտեցում եւ զարգացման նոր ռազմավարություն է պահանջում:
Քննարկվող փաստաթուղթը նշված անհրաժեշտությանն արձագանքելու կարեւոր քայլերից է եւ նպատակ ունի սահմանել խաղողագործության եւ գինեգործության զարգացման հիմնական ուղղությունները, հստակեցնել պետական աջակցության մեխանիզմները եւ դրա արդյունքում նպաստել խաղողի արտադրության եւ վերամշակման ծավալների ավելացմանն ու ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացմանը:
Ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնակիցները նոր ռազմավարության համար օրախնդիր համարեցին երկու կարեւոր հանգամանք՝ իրավական դաշտի եւ որակի վերահսկման համակարգի բարելավում եւ ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի անհետաձգելի միջոցառումների իրականացում:
Մասնակիցների կարծիքով ծրագիրը հաջողված փաստաթուղթ է, սակայն այն վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է ընթացք տալ կամ պատասխաններ գտնել մի շարք կարեւոր հարցերի՝
- Խաղողի այգիների անհապաղ գույքագրում:
- Օրենսդրական համապատասխան փոփոխությունների առաջարկի նախագծի եւ ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ այգետարածքների ծավալների ու սորտերի տեսակային կազմի պահանջարկի ճշգրտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի եւ Գինեգործների միության կողմից:
- Ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացում եւ ֆիլոքսերադիմացկուն արմատակալների ֆոնդի ստեղծում:
- Խաղողի կոլեկցիոն այգու ստեղծում, ուր պետք է կենտրոնացնել բոլոր աբորիգեն սորտերը:
- Ռազմավարության իրականացման ֆինանսական աղբյուրների ճշգրտում:



























