Հայաստանի անդամակցելը ՄՄ-ին հստակ ընթացակարգեր է ստեղծում՝ տնտեսական մրցակցության միջսահմանային խախտումները  դիտարկելու համար: Այս մասին փետրվարի 21-ին հայտարարել է  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պետի տեղակալ Պավել Ղալթախչյանը, որը գլխավորում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակներում մրցակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբը:  Նա նշել է, որ Հայաստանը պատրաստվում է ՄՄ-ի շրջանակներում համաձայնագիր ստորագրել տնտեսական մրցակցության սկզբունքների եւ կանոնների վերաբերյալ:

«Համաձայնագրի նպատակն է չորս պետություններում ապահովել ապրանքների ազատ տեղաշարժը եւ մրցակցության արգելքները վերացնելը՝ անկախ այն բանից, թե որ երկրից է ապրանքը կամ բիզնեսը», - պարզաբանել է Ղալթախչյանը: Ըստ նրա, երբ նախկինում միջսահմանային մրցակցության վեճեր էին ծագում, օրինակ՝ Հայաստանի մոտ սեւծովյան լաստանավային փոխադրումների գների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի մոտ՝ Հայաստանում օղու ապրանքանիշները կեղծելու հետ կապված, հարցը փորձում էին լուծել կոչերով եւ խնդրանքներով: «Իսկ խնդրանքը օրենք չէ: Ի դեպ, այդ պատճառով էլ նշված երկու հարցերը երկար ժամանակ չէին լուծվում: Այժմ ամեն ինչ պետք է այլ կերպ ընթանա», - վստահեցրել է Ղալթախչյանը:

ՄՄ-ի շրջանակներում այդպիսի վեճերը կկարգավորեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ ընդհանուր դատարանը:  Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից ապրանքները պետք է շրջանառվեն նույն պայմաններով, ինչ եւ հայկականները: «Նույնը վերաբերվում է նաեւ մեր ապրանքներին այդ երկրներում», - հավելել է Ղալթախչյանը: