Ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը:

Այսօր՝ փետրվարի 21-ին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն կատարած այցի ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նախարարության աշխատակազմին հորդորել է ավելի ակտիվ եւ նախաձեռնողական լինել նախարարության առջեւ դրված խնդիրների լուծման գործում, չպարփակվել աշխատասենյակներում:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շրջել է աշխատակազմի մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություններում եւ մի շարք այլ ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով եւ առաջիկա ծրագրերով, աշխատակիցների հետ զրուցել իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին, պատասխանել նաեւ խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախարարության առաջիկա խնդիրներին եւ գործունեության գերակա ուղղություններին: Ընդգծելով, որ սպորտի, ֆիզիկական կուլտուրայի, առողջ ապրելակերպի տարածումը, երիտասարդության հարցերը պետության առաջնահերթություններից են, որտեղ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դերն առաջնային է, Հանրապետության նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել այդ ուղղությամբ աշխատանքներն այսուհետ առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումով:

Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակազմին հորդորել է չպարփակվել աշխատասենյակներում, այլեւ դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում սեփական օրինակով, մեր լավագույն մարզիկների, լեգենդների, Սպորտի եւ երիտասարդության նախարարության պարագայում՝ այդպիսի լեգենդներից մեկի՝ նախարարի օրինակով քարոզել առողջ ապրելակերպ:

Նախագահի խոսքով, Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի նախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է եւ պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: Ըստ նախագահի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այս իրողությունը:

«Ես առաջարկել եմ, որ Յուրի Վարդանյանը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաեւ ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ եւ ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահն իր խոսքում նախարարության ղեկավար անձնակազմին նաեւ կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ մեր երկրում սպորտի զարգացման: «Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որեւէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որեւէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ եւ ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»,-ընդգծել է Նախագահը:

Խորհրդակցության ավարտին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հրահանգիչ-մեթոդիստ Էդուարդ Թովմասյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, աշխատակազմի մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը, աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ Աիդա Մարգարյանը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով: