Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանը, Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարության եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, այսօր՝ փետրվարի 21-ին շրջել է մայրաքաղաքի մետրոյում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե նախարարը եղավ համարյա բոլոր կայարաններում, ուսումնասիրելով դրանց վերգետնյա ու ստորգետնյա տարածքը եւ անվտանգության ապահովման խնդիրները: ԱԻ նախարարը եւ մետրոպոլիտենի տնօրինությունը տեղում քննարկեցին նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում անձնակազմի եւ ուղեւորների ազդարարման, ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ուղիղ կապ հաստատելու ու իրազեկման հարցերը` մասնավորապես մետրոյի կայարաններում եւ շարժակազմերում բարձրախոսների ու էլեկտրոնային վահանակների օգնությամբ ազդարարման, անվտանգության վարքականոնների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու, տեղեկատվական-ուսուցողական տեսանյութեր ցուցադրելու հնարավորությունը:
Ա. Երիցյանը եղավ նաեւ մետրոպոլիտենի գլխամասային գրասենյակում` ծանոթանալով կարգավարական կառավարման վահանակին, որի միջոցով կարգավորվում եւ վերահսկվում է գնացքների աշխատանքը, եւ մետրոյի կայարանների տեսահսկման համակարգին:



























