Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, խորհրդի անդամներին ներկայացրել է խորհրդի կազմը համալրած նոր անդամին, ով խորհրդի կազմում ընդգրկվելու համար, համաձայն Երեւանի քաղաքապետարանի ս/թ. փետրվարի 10-ի հայտարարության, ներկայացրել էր համապատասխան դիմում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նիստի շրջանակում խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել Երեւանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը սահմանված կարգով Երեւանի ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցը:
Վահե Նիկոյանը ներկայացրել է հաշվետվության նախագծի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկման արդյունքները: Քաղաքապետի տեղակալը նաեւ ընդգծել է, որ հաշվետվությանը վերաբերող որեւէ առաջարկ ներկայացված չլինելու պատճառով հաշվետվության նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են «Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին» Երեւանի ավագանու որոշման նախագիծը առանց փոփոխությունների, սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը:



























