Հայաստանի ՊՆ վարչական համալիրում փետրվարի 21-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները, վերհանվել են զորակոչի ընթացքում արձանագրված առողջական ոլորտին առնչվող խնդիրները, ուրվագծվել են դրանց լուծման հստակ ուղղություններ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ընդլայնված խորհրդակցությանը, որը վարել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների պատասխանատուներ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ: 

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անցկացված ձմեռային զորակոչն առանձնահատուկ էր իր բնույթով, քանի որ առաջին անգամ կիրառվեց վիճակահանության սկզբունքը, ինչն էապես նվազեցրեց հնարավոր կոռուպցիոն դրսեւորումները: «Այս տարի նորամուծություն էր նաեւ հանձնաժողովում իրավապահ եւ վերահսկող մարմինների ներկայացուցիչների ընդգրկումը, ինչը տարբեր ոլորտներում թերություններն ավելի արագ հայտնաբերելու հնարավորություն ընձեռեց»,-նշել է Ս. Օհանյանը:

Առողջապահության նախարարն իր խոսքում հավելել է, որ առաջիկա զորակոչի ընթացքում զորակոչիկներն անվճար հիմունքներով կանցնեն նաեւ սոնոգրաֆիկ հետազոտություններ, ինչն էապես կբարձրացնի բուժզննման արդյունավետությունը: Բացի դրանից` Կենտրոնական հավաքակայանում նախկինում իրականացվող կանխարգելիչ պատվաստումներն այսուհետ կիրականացվեն մինչ զորակոչը` քաղաքացիական բուժհաստատություններում: 

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Մուրադյանը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամները: Ներկայացվել են ձմեռային զորակոչի ընթացքում արձանագրված թերությունները եւ խնդիրները, բացթողումների շտկման ուղղությամբ արվել են մի շարք առաջարկություններ: 

Շնորհակալություն հայտնելով ներկաներին խորհրդակցության ընթացքում դրսեւորած ակտիվության, ինչպես նաեւ ձմեռային զորակոչը պատշաճ անցկացնելու համար, Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ձեւավորվող աշխատանքային հանձնաժողովը կուսումնասիրի վերհանված առաջարկները եւ երկու գերատեսչությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի բարձրացված խնդիրները լուծելուն կոչված ամբողջական եւ ընդգրկուն առաջարկությունների փաթեթ:

Խորհրդակցությունը եզրափակվել է ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմամբ: