Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովը (SEC) տուգանել է Քալիֆորնիայի  երեք բնակչի, ովքեր Ժան-Կլոդ Վան Դամի ու Դոնալդ Սազերլենդի մասնակցությամբ ֆիլմի հիման վրա ավելի քան 1.8 մլն դոլար են հավաքել, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Փաստաբան Սեմյուել Բրասլաուն եւ նրա գործընկերներ Սթյուարթ Ռեւվիթն ու Ռենդոմ Չորթքոֆը միջոցներ են հավաքել «Մաքսանենգը» ֆիլմի նկարահանումների համար կեղծ Mutual Entertainment ու Film Shoot ընկերությունների անունից: Նկարահանվող ֆիլմի սցենարն իբր հիմնված էր լինելու չհրապարակված «Մարսել» վեպի վրա, որը գրվել է Փարիզում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բրասլաուի ընկերությունն ուներ օրինական իրավունք սցենարի էկրանավորման համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ներդրողների հետ բանակցությունների ժամանակ Բրասլաուի ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց ֆիլմում նկարահանվելու են մեծ թվով համաշխարհային աստղեր, այդ թվում Ժան-Կլոդ Վան Դամը եւ Դոնալդ Սազերլենդը: Սակայն դերասանների հետ բանակցություններ չեն վարվել ու «պրոդյուսերները» նկարահանումները չէին սկսում:

Մասնավոր ներդրողները  2013թ.-ին Բրասլաուին ու նրա գործընկերներին 1.8 մլն դոլար են փոխանցել, որոնք նրանք բաժանել են միմյանց միջեւ: Հաղորդում են, որ խաբեբաները նախատեսում էին հավաքել 7.5 մլն դոլար: