Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» թիմն իր հերթական իրազեկման ակցիան անվանել է «Լուսավորման երթ»։ Հարյուրավոր քաղաքացիներ տարբեր լուսարձակող սարքերով փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտից սկսել են քայլել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով եւ իրազեկել մարդկանց կուտակային կենսաթոշակային նոր օրենքի հակասահմանադրական լինելու մասին՝ կոչ անելով միանալ իրենց: (ֆոտոռեպորտաժ)
«Ժողովրդի մեծ մասը դեմ է այդ կենսաթոշակային պարտադիր համակարգին, և այդ պատճառով այն պիտի կասեցվի: Եթե միանանք, ապա կհաղթենք։ Նախագահն ասում է՝ 80 տոկոսը դեմ է կենսաթոշակային այս համակարգին, մենք կասենք՝ ավելին, 99 տոկոսն է դեմ»,-բարձրախոսով հայտարարում են «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Երթին մասնակիցներն իրենց հետ բերել են շներ, որոնց վրա փակցված են «ԴԵՄ ԵՄ պարտադիրին» գրությամբ պաստառներ։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են «դեմ եմ», «միացեք», «հաղթանակ», «մենք ենք տերը մեր երկրի»։ Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք հրմտոցով հետ են մղում ցուցարարնբերին, ովքեր փորձում են քայլել փողոցի ամբողջ լայնությամբ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքի կենտրոնում երթի պատճառով խցանումներ են: Մեքենաների վարորդներն իրենց աջակցությունն են հայտնում ազդանշաններով։
Ցուցարարները քայլում են փողոցի մի կողմով. ոստիկանները հսկում են, որ ցուցարարները չանցնեն մյուս հատված:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











