Սարգիսի և նրա ընտանիքի նկատմամբ խուլիգանություն դրսևորելու մեղադրանքով կալանավորված Քրիստինե Տատարոգուլոն ընդունում է իր մեղավորությունը և խորապես ցավում իր արարքների համար: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 21-ին, գործով դատական նիստին Քրիստինեն դատարանից խնդրեց մեղմ դատավճիռ կայացնել իր նկատմամբ:
«Շատ եմ զղջում իմ արարքների համար: Ես ինձ վատ եմ դրսևորել էս ընտանիքի նկատմամբ, ներողություն եմ խնդրում, թող ներողամիտ լինեն, որ չեմ կարողացել զսպել ինձ: էս 7 ամսվա ընթացքում հասկացել եմ, որ իմ անմիտ քայլերի համար տուժում ա էս երեխան, էս մարդիկ արժանի չէին: Ես վատ եմ դրսևորել ինձ իրենց նկատմամբ: Դատարանից խնդրում եմ՝ մեղմ վճիռ կայացնի, որովհետև սրանով որոշվում ա ոչ միայն իմ ապագան, այլ նաև իմ երեխայինը: 9 տարեկան աղջիկ երեխա ա, հլը չհասցրեց իմ ծոցը պառկի»,-դատարանի դահլիճում ասաց Քրիստինեն ու նշեց, որ մեղադրանքը չափազանցված է, քանի որ ինքը «մասսայի նկատմամբ վատ չի դրսևորել իրեն»:
Դատարանը հեռացավ վճիռ կայացնելու, որը կհրապարակի փետրվարի 24-ին:
Քրիստինե Տատարոգուլոյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ տեղեկանալով, որ իր ընկերոջ՝ Սարգիսի ընտանիքը դեմ է իրենց հարաբերություններին, վիճաբանության մեջ է մտել իր ընկերոջ ծաղկավաճառ մոր հետ, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տվել, ոտքով հարվածել է ոտքին, ապտակել, որից հետո իր մոտ եղած էլեկտրահարիչ սարքով էլեկտրահարել է նրան:
Բացի այդ, Սարգիսի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, իր մոտ եղած դանակով սպառնացել ու փորձել է հարվածել նրան: Մոտ 20 րոպե տեւած միջադեպի ընթացքում Քրիստինեն սեռական բնույթի հայհոյանքներ է բղավել ինչպես իր ընկերոջ ընտանիքի, այնպես էլ՝ դիտողություն արած անցորդների հասցեին, ինչը մեղադրական եզրակացության մեջ որակվել է որպես «հանրության հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, որը խաթարել է բնակչության անդորրը»։


























