Գերմանիայից մարզական հրաձիգ Քրիստիան Լաուերը զրկվել է գերմանական քաղաքացիությունից: Գերմանական mittelhessen.de պարբերականը  դեպքն անվանել են «ոչ թե պարզապես զավեշտալի, այլ, հնարավոր է, բացառիկ»:

Մի քանի ամիս առաջ Լաուերը պայքարում էր Գերմանիայի քաղաքացիության պահպանության համար, սակայն երկար պարզաբանումներից հետո նրան մերժել էին: Չորեքշաբթի նա ստիպված է եղել հանձնել իր գերմանական անձնագիրը:

Լաուերը ծնունդով Հերբորն քաղաքից է, ամուսնացել է հայուհի Իրինա Աղաջանյանի հետ՝ նույնպես մարզիկ, ու հայկական անձնագիր է ստացել: Կնոջ հետ նա ներկայացնում էր Հայաստանը հրաձգության մրցություններում՝ այդ թվում նաեւ Գերմանիայում (ավելի վաղ այդ մասին հաղորդել է NEWS.am Sport-ը): 

Սակայն Հրաձգության մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կանոնների համաձայն՝ մարզիկը կարող է հանդես գալ միայն մեկ հավաքականի կազմում, որի քաղաքացի հանդիսանում է: Իսկ Գերմանիայում երկքաղաքացիություն չկա:

Լաուերը պնդում է, որ ոչինչ չի արել հայկական քաղաքացիություն ձեռք բերելու համար: Սակայն էմիգրացիոն իշխանություններն այդպես չեն կարծում. Լաուերը ՀՀ քաղաքացի է 2013թ.-ի ամառվանից: