Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամների՝ փետրվարի 21-ին կազմակերպված «Լուսավորման երթի» մասնակիցները, հասնելով Հանրապետության հրապարակ, մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Ուկրաինայում զոհված մոտ ութ տասնյակ մարդկանց հիշատակը:
«Հարգում ենք Ուկրաինայում և ցանկացած այլ վայրում ազատության համար զոհված բոլոր մարդկանց հիշատակը»,-բարձրախոսով հայտարարեցին «ԴԵՄ ԵՄ» թիմի անդամները, որից հետո իրենց հետ բերած լապտերները ի նշան բողոքի ուղղեցին դեպի Կառավարության շենքը եւ վանկարկեցին «ամոթ, ամոթ»։
Երթին միացել է ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Նախագահն ասում է՝ հանրապետության 80%-ը դեմ է, հո մենք ախմախ չե՞նք: Որ ախմախ չեք, բա ի՞նչ եք: Սուլում ենք հիմա, մեր իշխանություններին, այն իշխանություններին, որոնք սիրում են ֆուտբոլային քաղաքականություն, եկեք սուլենք մեր իշխանություններին, որովհետև մեր կառավարությունն արդեն սպառել է իրեն»,-ասաց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:
Նրա հայտարությանը հետևեցին ցուցարարների «ախմախներ» բղավոցներն ու սուլոցները:
Հայրենասիրական երգեր երգելով ակցիայի մասնակիցները շարունակեցին քայլերթը՝ անցորդներին իրազեկելով կենսաթոշակային նոր օրենքի հակասահմանադրականության մասին եւ կոչ անելով պաշտպանել իրենց իրավունքները։ Իրազեկման երթը, որն ամբողջ ընթացքում հսկում էին մեծ թվով ոստիկաններ, ավարտվեց Ազատության հրապարակում։



























