ՀՀ նախագահի նստավայրի դիմաց փետրվարի 21-ին, ժամը 16.00-ին անժամկետ հացադուլ հայտարարած Սիլվա Վարդանյանի ընտանիքի ակցիան տեւել է 15 րոպե։ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ զրուցելուց հետո ընտանիքը, որը պահանջում է վերադարձնել իրենցից խաբեությամբ խլված բնակարանը, որոշել է ոչ հացադուլ անել, ոչ էլ ինքնահրկիզվել։
«Գնացել էինք նախագահական, ոստիկանները եկան, ասեցին, որ Աշոտ Կարապետյանն ուզում է մեր հետ խոսել: Ինքը մեր պատմությանը ծանոթացավ, մենք մանրամասնորեն ներկայացրեցինք՝ ինչ գործարք է եղել, ոնց ենք խաբվել: Խոստացավ, որ ամեն ինչ ի օգուտ մեզ կլինի, դրա համար դեռ հացադուլի չենք դիմի, ոչ էլ ինքնահրկիզման»,- NEWS.am-ին ասաց Սիլվա Վարդանյանի որդին՝ Հայկ Եղիազարյանը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը մերժել է Սիլվա Վարդանյանին պատկանող բնակարանի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու հայցը:
«Մենք մեր տունը մի քանի տարի վարձով ենք տվել Հովհաննես Բաղդոյանին, գնալ գար կար, մոտ էինք: Քանի որ մեր տանը երեխաներ են ունեցել, Հովհաննեսը ասեց՝ էս տունը ղսմաթով է, եկեք պայմանագրով էս տունը տվեք ինձ, ես էլ ձեզ տուն կառնեմ ու էս տան վրա ոչ մի իրավունք չունեմ, մինչեւ ձեզ տուն չտամ: Պայմանագիր կնքեցինք ու լիազորագրով տվեցինք իրան»,- պատմեց Եզիազարյանը:
Հայկ Եղիազարյանի խոսքով՝ պայմանագրում նշված է եղել, որ եթե Հովհաննես Բաղդոյանը մեկ տարվա ընթացքում իրենց համար տուն չգնի, պարտավորվում է տունը վերադարձնել.
«Ոչ մի տուն չգնեց դեռ ավելին՝ պարզվում է մի հարուստ բիզնեսմեն պարսիկ կա, իրան 20 հազար դոլար էր պարտք։ Ինքը առիթը բաց չի թողնում, որ մենք լիազորել ենք տունը իրա վրա, 70 հազար դոլար արժողությամբ տունը վաճառում է պարսիկ Սերոջին, պարտքը մուծում, մնացած գումարն էլ վերցնում»,- պատմեց Հայկ Եղիազարյանը։
Տան նախկին սեփականատերերի խոսքով՝ Հովհաննես Բաղդոյանը կեղծ փաստաթղթերով ներկայացել է որպես սեփականատեր։
Եղիազարյանը պնդում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապացուցվել է, որ կեղծ փաստաթղթերով է պայմանագիրը կնքվել, բայց ամեն դեպքում իրենց դատական հայցը մերժել են. «Դատարանը ընթացք չի տվել գործին, քանի որ պարսիկը փող ուներ: Փորձաքննությամբ հաստատվել է, որ փաստաթղթերի տակ առկա ստորագրությունները իմ մոր Սիլվա Վարդանյանինը չեն, բայց հայցը մերժեցին»։



























