Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի արտգործնախարարները՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Լորան Ֆաբիուսն ու Ռադոսլավ Սիկորսկին խոստացել են, որ Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի նշանակումից հետո կնախաձեռնեն ոչ միայն ասոցացման համաձայնագրի կնքում, այլ նաեւ լիարժեք անդամակցություն Եվրոպական ՄԻությանը: Այդ մասին հայտարարել է ժողովրդական պատգամավոր Սերգեյ Կունիցինը «Ուդառ» կուսակցությունից «5-րդ ալիքի» «Շուստեր LIVE» հաղորդման եթերից, հաղորդում է Cenzor.NET-ը՝ վկայակոչելով ՌԲԿ-Ուկրաինային:
«Ողջ Եվրոպան լիազորել է նրանց հանդես գալ որպես այդ համաձայնության երաշխավոր: Մայդանի խորհրդի ներկայացուցիչները հանդես են եկել, որպեսզի հստակ հնչեցվի Եվրոպայի դիրքորոշումն այն մասին, կնքվելու է արդյոք ասոցացման համաձայնագիրը, եւ նրանք «այո» են ասում. նոր կառավարության հետ մենք կպարտավորվենք ու կերաշխավորենք ոչ միայն համաձայնության կնքում, այլ նաեւ Ուկրաինայի լիարժեք անդամակցություն Եվրամիությանը: Դա շատ կարեւոր է»,- հայտարարել է Կունիցինը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ուկրաինական ընդդիմությունը՝ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել են համաձայնություն իրավիճակի քաղաքական կարգավորման մասին:




























