«Հրապարակը» գրում է. «Օրերս Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստների եւ հանրապետական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվեց քրեական գործ: Առայժմ քննություն է ընթանում: Թե հօգուտ ում է ընթանում, դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի նկատմամբ ոստիկանության գորովալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է բազմաթիվ քրգործերում:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ղեկավար Գագիկ Համբարձումյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե գոնե այս անգամ կպատժվե՞ն ՀՀԿ-ականները, առավել եւս, որ նրանց արարքի վերաբերյալ առկա են տեսագրություններ, որտեղ պարզ երեւում է, որ նրանք խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների սահմանադրական իրավունքի իրացումը:
Համբարձումյանը պատասխանել է. «Դուք Ձեր հարցի ձեւակերպման մեջ ոնց որ թե թելադրում եք պատասխանը, արդարությունը կապեցիք անպայման ՀՀԿ-ի երիտասարդական թեւին պատժելու հետ, հակառակ դեպքում՝ արդարություն չկա: Եթե Դուք արդեն ընդունում եք, որ քննություն է գնում, ապա թե ով է գնացել, նրանք են ինչ-որ հատվածում օրենքի շրջանակից դուրս եկել, թե մյուսները, դա կորոշվի քննությամբ: Եթե ես կանխորոշ պատասխան տամ, դա պրոֆեսիոնալ կլինի՞: Եթե ես նման ձեւով ասեի՝ այո, նրանք կպատժվեն, դա կլիներ կանխակալ, ու ես էլ ինչ-որ չափով Սահմանադրությունը կխախտեի։ Քննություն է կատարվում, քննության արդյունքներով որ կողմը մեղավոր կլինի, նա էլ կպատժվի»:




























