Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման Ուկրաինայում տիրող դրության վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է «դրության կայունացման համար միջոցառումների անհրաժեշտությունն ու շեշտել է արմատական ընդդիմության հետ աշխատանքի կարեւորությունը, որը Ուկրաինայում հակասությունը հասցրել է ծայրահեղ վտանգավոր վիճակի»:
Իր հերթին ամերիկյան կողմի համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերն ընդունել են, որ Կիեւում ձեռք բերված համաձայնությունն անհրաժեշտ է կյանքի կոչել: Ընդգծվել է նաեւ բռնությունից հրաժարվելու կողմերի ցանկության կարեւորությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել են համաձայնություն իրավիճակի քաղաքական կարգավորման մասին: Նույն օրը Գերագույն ռադան մի շարք որոշումներ է ընդունել՝ 2004թ.-ի սահմանադրության վերականգնում, ՆԳՆ ղեկավարությունից Վիտալի Զախարչենկոյի պաշտոնից հեռացում, ակտիվիստների ազատ արձակում: Բացի այդ որոշում է ընդունվել ազատ արձակել «Բատկովշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին:




























