«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ազդել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության պաշտպանությունը Հայաստանի բուհական համակարգի իմիջի վրա: Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որի ժամանակ պետք է քննարկվեր, 2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը, Ն. Փաշինյանն ասաց, թե համաձայնագիրը վերաբերում է բուհական համակարգին, փոխադարձ հարաբերություններին, եւ այս առումով շատ կարեւոր է Հայաստանի բուհական համակարգի իմիջը:

«Մենք վերջին տարիներին շատ լուրջ պրոբլեմներ ենք ունեցել Հայաստանի բուհական համակարգի իմիջի հետ, եւ տվյալ դեպքում ես ուզում եմ խոսել միջադեպի մասին, երբ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը, բայց տպավորություն տեղծվեց, որ դա ոչ թե ատենախոսության, այլ՝ ինչ-որ գաղտնի օպերացիայի պաշտպանություն է: Տնտեսագիտական հալասարանի ուսանողներն ու ռեկտորը բացահայտորեն այդ ժամանակ գնացին խուլիգանական քայլերի՝ հայհոյանքներ թույլ տալով լրագրողների հասցեին եւ կոպտորեն խախտելով հանրության իրավունքը՝ ստանալու ամբողջական տեղեկատվություն, թե Երեւանի քաղաքապետն էդ ինչի՞ հաշվին ա պաշտպանում թեկնածուական ատենախոսություն»,- ասաց Ն. Փաշինյանը:

Հարցի քննարկումը թեժացավ, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանավեճ ծավալվեց: Գեղամյանը ընդհատեց Փաշինյանին՝ հեգնելով. «Խնդրում եմ այս ամենը ներկայացնել պայմանագրի լույսի ներքո»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կատակելով հարցրեց, թե արդյոք այս միջադեպի մասին տեղյակ պահվե՞լ է Հաշիմյան Թագավորությունը:

Նիկոլ Փաշինյանն էլ, դիմելով պատգամավորներին խնդրեց, ուշադիր լսել իր խոսքերը. «Հենց սկզբից ես հիմնավորեցի կապը թեմայի հետ, եւ եթե անհրաժեշտ է, կարող եմ հավելյալ հիմնավորել»:

Ն. Փաշինյանի փաստարկներին Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանեց, թե իմիջի վրա ազդեցությունը կարող է պարզվել միայն հաջորդ տարի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում