«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարություն արեց ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Պարզվում է, ըստ պատգամավորի՝ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց առաջ իշխանությունները չհասցրեցին մտածել գյուղի բնակչության եւ արտագնա աշխատողների կենսաթոշակների մասին»։ Եթե անկեղծ լինենք, ապա շատ լավ էլ եղել է, որ իշխանությունների «սկլերոզը» հերիքել է գոնե այդ շերտերի մարդկանց համար։ Պատգամավորը նշեց, թե այդ բացթողումը կենսաթոշակային ռեֆորմի թերությունն է, սակայն «սպառնաց», որ հետագայում «գյուղի բնակչության եւ գաստերբայտերների կենսաթոշակների հարցը կլուծվի»։ «Վստահ եմ, որ շուտով կգտնենք այդ պրոբլեմի լուծումը քանի որ անհնար է բոլոր հարցերը միանգամից լուծել», - հայտարարեց Մինասյանը։
Նշենք, որ թեեւ պատգամավորը եղել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի զինակիցներից ու հալածված բախտակիցներից, սակայն, ինչպես պարզվում է, գաղտնի համակվել է կոմունիստական էնտուզիազմով, քանի որ ողջ ժողովրդի գլխին պատուհաս դարձած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը համարեց «պրոբլեմի լուծում»։ Ավելին, նա նշեց, որ «Դեմ եմ» շարժման մասնակիցները չեն մտածում երկրի եւ տարեցների ապագայի մասին. «Նրանք հայտարարում են, որ հանդիսանում են երկրի տերերը, բայց մոռանում են պատասխանատվության մասին, որը հաջորդ սերնդի համար կրում են երկրի իսկական տերերը»։
Փաստորեն, իրեն երկրի իսկական տեր համարող ՀՀԿ-ի ներկայացուցիչը եւս մեկ անգամ իշխանությունների ազգակործան քաղաքականությունը պայմանավորում է պետական մտածելակերպով, մինչդեռ պարտադիր կուտակայինի բարձրացրած բողոքի ալիքը բոլորովին այլ բան է փաստում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























