Երեւանի Մյասնիկյան պողոտայում  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարից զոհվելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ամիսներ շարունակ տարված քննությամբ պարզվել է, որ վթարի մեղավորը հենց դերասանն է եղել, նա եղել է ոչ սթափ վիճակում, գերազանցել է սահմանված արագությունը եւ թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների մի շարք խախտումներ: Նյութերի նախապատրաստմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հատկանիշներով (քրեական գործ չի կարող հարուցվել, եթե անձը մահացել է) գործի հարուցումը մերժվել է։

Ի դեպ, դերասանը մեքենան գնել էր վարկով, որը դեռ չէր մարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:

Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր: