Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում եւ վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում: Տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» երկարատեւ դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում եւ կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ:

Եվ բազմաթիվ են այն երիտասարդ ընտանիքները, որոնք երբեք բնակարանի երես չեն տեսել եւ ունեն մտավախություն, որ ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաները ծնվելով տնակներում, հետագայում մեծանալու, ամուսնանալու ու բնակվելու են նույնպես տնակներում:

«Շիրակ կենտրոնի» ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող երիտասարդ ամուսինների մասին է: Նրանք, բնականաբար, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում ընդգրկված չեն եւ հույս անգամ չունեն, որ երբեւէ բնակարան կունենան: