Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Մուսթաֆա Վարանքի եւ TRT-ի ղեկավարի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը հայտնվել է համացանցում։
Twitter-ի միջոցով համացանցում հայտնված հեռախոսազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Մուսթաֆա Վարանքը զանգահարել է TRT-ի (Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերություն) ղեկավարին եւ հետաքրքրվել, թե ով է TRT-ում աշխատող Էրոլ Յուքսելը։ TRT-ի ղեկավարը պատասխանել է, թե նա TRT-ի լրատվական ծառայության փոխտնօրենն է։
Վարչապետի խորհրդականը հրահանգել է նրան աշխատանքից հեռացնել, քանի որ նա Twitter-ում թողել է հետեւյալ գրությունը . «Դերսհանեների (Գյուլենի դպրոցների-խմբ) իրավունքը ժողովրդի իրավունք է»։ TRT-ի ղեկավարը խոստացել է Էրոլ Յուքսելի «ականջերը քաշել»։
«Այդ տղան առյուծի սիրտ է կերել։ Նրան որտեղի՞ց այդ համարձակությունը»,- ասել է վարչապետի խորհրդականը՝ պնդելով, որ նրան պետք է աշխատանքից հեռացնել։
Նշենք, որ վերջին շրջանում ինտերնետում հայտնվել էին գաղտնալսված հեռախոսազրույցներ, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրերի հետ կապված հրահանգներ է տալիս Haberturk-ի սեփականատեր Ֆաթիհ Սարաչին եւ գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին։
Այս հեռախսազրույցները մեծ արձագանք են գտել սոցկայքերում եւ նույնիսկ հումորներ են շրջանառվում «Ալո, Ֆաթիհ» զրույցի համատեքստում։




























