Սիրիահայերի համար Հայաստանի Աշտարակ քաղաքում կառուցվող «Հալեպ» թաղամասում բնակարան գնելու համար դիմում ներկայացրել է 660 մարդ, սակայն նրանցից եւ ոչ մեկը ներդրում չի կատարել: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Նաիրա Եդիգարյանը:
«Ինչքան էլ որ սիրիահայերը ցանկանում են մնալ իրենց հայրենիքում, բայց նրանք դեռ հստակ չեն որոշել` մնալ, թե գնալ: Դա է պատճառը, որ ոչ մեկը դեռ ներդրում չի կատարել: Համոզված եմ, որ շուտով դիմում ներկայացրածների 70%-ը ներդրում կանի, երբ կսկսվի կառուցումը»,- ասաց իրավաբանը:
Նաիրա Եդիգարյանը նշեց, որ կառուցվող բնակարանների համար փորձում են հանգանակություն հավաքել միջազգային կառույցներից. «Գիտեք, որ կառուցումը կախված է երեք բանից. Հող, որը նվիրել է կառավարությունը, ներքին կառուցվածք, որի համար դիմել ենք միջազգային կառույցներին եւ արդեն ներդրումներ կան, եւ շենքի կառուցվածք: Այս ամենն արվում է, որպեսզի բնակարանները վաճառվեն շուկայականից էժան գներով»:
Լրագրողների դիտարկմանը, թե երկու տարի հետո Հայաստանում այլեւս սիրիահայ չի մնա բնակարան գնելու համար, Անդրանիկ Վարդանեանը, որը երկու տարի առաջ է եկել Սիրիայից ու աշխատում է ծրագրավորող, պատասխանեց. «Իհարկե, սիրիահայերի մեկ երրորդը դուրս է գնացել դեպի Եվրոպա, սակայն Եվրոպայի դռներն արդեն մեր առջեւ փակված են, ուզենք էլ, չենք կարող գնալ: Ստիպված մնալու ենք»:
ՀԿ-ի փոխնախագահ Ալեքսան Գարատանյանը, անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին, ընդգծեց, որ խնդիրների մի մասն արդեն լուծված է:
«Հասել ենք նրան, որ սիրիահայերը հիվանդանոցներում անվճար բուժօգնություն են ստանում, երիտասարդները սովորում են համալսարաններում: Բաց է մնում միայն աշխատանքի խնդիրը»,- ասաց հկ-ի փոխնախագահը:
Անդրանիկ Վարդանեանը հակադարձեց հկ-ի փոխնախագահին` նշելով, որ Հայաստանում աշխատանք կա եւ լավ մասնագետն իր տեղը կգտնի:
«Մեկը ես երեք ամիս մատուցող եմ աշխատել ու ինձ նման շատ ու շատ սիրիահայեր, հետո արդեն աշխատանք են առաջարկել: Ես չեմ փնտրել, ինձ զանգել ու առաջարկել են»,- ասաց Անդրանիկը:
Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ սիրիահայերը Հայաստանում ունեն նույն խնդիրները, ինչ որ հայաստանցիները:
Հիշեցնենք, որ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, որի նպատակն է զբաղվել սիրիահայերին վերաբերող հիմնահարցերով:



























