Ուկրաինայում այսօր Արեւելյան Եվրոպայի աշխարհաքաղաքական վերաձեւավորում է տեղի ունենում: Այդ մասին փետրվարի 22-ին մամուլի ասուլիսում ասել է քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, եթե ոչ դրածո, ապա ամերիկացիների նախագիծն է, քանի որ նրանք «կանաչ ճանապարհ են բացել» նրա համար: «Նրանց թվում էր, թե ասպարեզ է դուրս եկել անկախ եւ ուժեղ քաղաքական գործիչ: Այս պահին Ուկրաինային կայսերական վտանգ է սպառնում»,- նշել է Իգոր Մուրադյանը:

Ինչպես նա ընդգծել է, Ռուսաստանը հասկանում է, որ գլխավոր խաղադրույքը ոչ թե Կովկասը կամ Կենտրոնական Ասիան են, այլ հենց Ուկրաինան: «Այժմ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը անում են ամեն ինչ, որպեսզի չսպառեն Արեւելյան Եվրոպայում ազդեցության լծակները: Ո՞վ է մեղավոր, որ Ռուսաստանը կարողացավ Ուկրաինայի վրա նման ճնշում գործադրել: Իհարկե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, նա թույլ տվեց իրենց նվազեցնել ակտիվությունը միջազգային մակարդակում, ինչը հանգեցրեց վակուումի, հետո Ռուսաստանի էքսպանսիային»,- հայտարարել է քաղաքական վերլուծաբանը: Նա նաեւ հավելել է, որ իրական հակամարտությունը դեռ չի սկսվել, կսկսվի այն ժամանակ, երբ «մատիտով կգծեն Ուկրաինայի սահմանները»: Այդ տեսակետից քաղաքագետը չի բացառում Ուկրաինայում «դուալիստական պետության» ստեղծման հնարավորությունը:

Նշենք, որ փետրվարի 18-ից Ուկրաինայում վերսկսվել են բախումները հակակառավարական ցուցարարների եւ ՆԳՆ ուժերի միջեւ: Փետրվարի 18-22 ընթացքում անկարգությունների հետեւանքով տուժածների թիվը հասել է 603-ի: Կիեւի կենտրոնում վերջին բախումների հետանքով զոհերի թիվը չի փոխվել՝ 77 մարդ: