Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարիներ առաջ, երբ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու է եղել, մի լուրի հետ կապված զանգահարել է Hurriyet-ի լրագրող Յալչըն Փեքշենին եւ հայհոյել։
Թուրքական Birgun պարբերականի սյունակագիր Նազըմ Ալփմանն իր հրապարակման մեջ անդրադարձել է 1994 թվականին Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեղի ունեցած մի միջադեպի մասին։
«1994 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ «Բարօրություն» կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական արշավին մասնակցել է վերջին մոդել «Մերսեդես» 600 մեքենայով, որի գերմանական պետհամարանիշների վրա փակցված էր թուրքական պետհամարանիշ։
Hurriyet-ի լրագրող Յալչըն Փեքշենը փնտրում է այդ պետհամարանիշի իրական տիրոջը եւ պարզում, որ այդ պետհամարանիշը նրա միկրոավտոբուսի վրա է դրված։ Պետհամարանիշի տերը նույնիսկ տեղյակ չի լինում, որ իր պետհամարանիշի կեղծված կլոնը այլ մեքենայի վրա է տեղադրված։ Լրագրողն այս ամենի հետ կապված լուր է գրում, որից հետո նրան է զանգահարում Էրդողանը եւ խիստ տոնով հարցնում, թե ի՞նչ նպատակով է նման բան գրել։ Լրագրողը պատասխանում է, որ ոչ մի նպատակ չկա, ինքը պարզապես լրագրություն է անում։ Այս ընթացքում Էրդողանը սկսել է հայհոյել լրագրողին»,-գրել է Birgun պարբերականի սյունակագիրը։




























