Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2013 թվականին ճանապարհային ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովում ընդգրկված են Երեւանի քաղաքապետարանի, ճարտարագիտական համալսարանի, Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության եւ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ) 2014 թ. փետրվարի 24-ից Երեւանի «Հաղթանակ» կամրջի վրա կատարվելու է երթեւեկության շարքերի փոփոխություն:
Ներկայիս 7 շարքի (մի կողմից` 4, մյուսից` 3) փոխարեն երթեւեկությունը դառնում է երկկողմանի` 4 շարքով: Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք եւ միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթեւեկությունը փակվում է եւ թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթեւեկությունը փակվում է եւ Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:
Ուրուգվայի փողոցից Արգիշտի փողոց, աջ երթեւեկելի մասից, նախկինում թույլատրվող միայն աջը փոխվում է ուղիղ եւ աջ:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























