Երեւանը փետրվարի 21-ին հանդիսավորությամբ համալրվեց եւս մեկ առեւտրի կենտրոնով՝ Yerevan Mall-ով, որն առաջիկայում շարունակելու է համալրվել համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային խանութներով ու ժամանցի կենտրոններով: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում Yerevan Mall առեւտրաժամանցային կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանը մի քանի «գաղտնիք» է բացահայտել, այդ թվում նաեւ «Carrefour»-ի երկար սպասված բացման իրական ժամկետը։ Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Ի՞նչով է գրավելու Yerevan Mall-ը հաճախորդներին՝ մրցակցելով արդեն իսկ մայրաքաղաքում առկա առեւտրի կենտրնների հետ։

Առաջնահերթ տարբերվելու է ծառայության որակով, որն ապահովելու համար վարձել ենք Եվրոպայում հայտնի «Տրիգրանիտ» ընկերությունը, որը մասնագիտացված է մոլերի կառավարման, կառուցման եւ շահագործման ոլորտում։ Բավականին երկար ուսումնասկիրություն ենք արել եւ իրենց հետ, եւ փորձել ենք մասնագիտանալ իրենց օգնությամբ մոլի սպասարկման գործում։  Yerevan Mall-ը մասնագիտանում է ոչ թե խանութների շահագործման, որքան համակցված ծառայությունների մատուցման առումով։ Վարելու ենք շատ ակտիվ մարկետինգային քաղաքականություն, շատ ակտիվ ենք լինելու տարվա ընթացքում՝ իրականացնելով բավականին շատ միջոցառումներ, որպեսզի հաճախորդների համար ստեղծենք հետաքրքրություններ։ Մեր նպատակն է, որ սպառողները ոչ միայն կառողանան գնումներ անել Yerevan Mall-ում, այլեւ՝ հետաքրքիր ժամանակ անցկացնեն։ Ունենք սննդի շատ լավ ցանց՝ սրճարաններ, ռեստորաններ. Իսկ արդեն ամռանը կբացենք աշխարհում շատ հայտնի զվարճանքների կենտրոնի ցանց ունեցող եվրապական ընկերության մասնաճյուղ՝ Հայաստանում նախադեպը չունեցող ժամանցի եւ զվարճանքի կենտրոն։ Առեւտրաժամանցային կենտրոնում կբացվեն նաեւ կինոթատրոններ։ Այս մոլը կառուցելուց առաջնորդվել ենք այն փիլիսոփայությամբ, որ ստեղծվի մի վայր, որտեղ մարդիկ կգան ընտանիքով եւ կանցկացնեն իրենց ժամանակը։ Ցանկացել ենք, որ մարդիկ գան Yerevan Mall ոչ միայն գնումներ կատարելու, այլեւ՝ լավ ժամանակ անցկացնելու։

Ովքե՞ր  են լինելու Yerevan Mall-ի հաճախորդները, եւ որքա՞նով է այն հասանելի լինելու հասարակության բոլոր խավերի համար։

Միանշանակ Yerevan Mall-ը հասանելի է լինելու բոլորի համար, եւ մենք խնդիր ունենք հասարակությանը կրթելու։ Ցավոք, մարդիկ դեռ սովոր չեն մոլերից օգտվելու կուլտուրային, եւ տեսնելով գեղեցիկ կառուցված շենք, վախենում են մտնել ներս, նախապատվությունը տալով տոնավաճառներին եւ շուկաներին, մինչդեռ ակնհայտ է, որ տոնավաճառում եւ մոլում կատարած գնումը արժեքի առումով չի տարվերվում։ Սակայն տարբերվում է ծառայության եւ ապրանքի որակով մոլում, եւ թանկ, բայց անօրակ ապրանքով շուկայում։ Վստահ եմ, որ Yerevan Mall-ում կգտնեն այդ նույն գնով ապրանք, բայց ավելի որակով, պարզապես պետք է մարդկանց մեջ սերմանել, որ պետք չէ վախենալ մոլ մտնելուց, քանի որ այն թանկ խանութների ցանց չէ, եւ այստեղ կա ցանկացած գնային առաջարկի ապրանք։ Հիմնականում  Yerevan Mall-ը նախատեսված է ցածր եւ միջին խավի համար։

Հայաստանում ֆրանսիական «Carrefour» խանութների ցանցի ներմուծումը կապում են Yerevan Mall-ի անվան հետ։ Ե՞րբ է նախատեսվում Yerevan Mall-ում «Carrefour»-ի սուպերմարկետի բացումը։

«Carrefour»-ի հետ եկել ենք համաձայնության եւ իրենց պահանջներով եւ իրենց պահանջած չափանիշներով Yerevan Mall-ում կառուցել ենք հատվածը, որտեղ կտեղակայվի խանութը՝ մոտ 10 հազ.քմ տարածք, որից  4 հազ. քմ՝ ընկերության սպասարկման տարածքն է, իսկ 6 հազ. քմ՝ խանութը։  Շինարարությունը գրեթե ավարտում ենք, ինչից հետո տարածքը կհանձնենք իրենց, ինչից հետո 5-6 ամսվա ընթացքում իրենք պարտավորվել են բացել խանութը։ Ակնկալում ենք, որ ամենաուշը  «Carrefour»-ն այստեղ կբացվի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին։

Yerevan Mall-ի բացման արարողությունն արդարացրե՞ց Ձեր սպասելիքները։

Բացումը գերազանցեց մեր սպասելիքները, քանի որ Yerevan Mall-ն ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան սպասում էին։ Ցավոք, դա առաջացրեց որոշակի անհարմարություն մայրաքաղաքի առօրյայում՝ խցանումների տեսքով, սակայն դա նշանակում է, որ հետաքրքրությունը Yerevan Mall-ի նկատմամբ ավելի շատ էր, քան մենք սպասում էինք։ Այնուամենայնիվ, դա դրական է, քանի որ նշանակում է, որ քաղաքն ուներ նոր մոլի կարիք։

Առեւտրի կենտրոնն ունի կայանատեղի 800 մեքենաների համար, պայմանագիր ենք կնքել տաքսի ծառայության հետ, որը սպասարկելու է մոլը։ Կարծում եմ՝ կկարողանանք այնպես կազմակերպել մոլի աշխատանքը, որպեսզի այն Արշակունյաց պողոտայում լրացուցիչ խցանման պատճառ չդառնա։

Որքա՞ն ժամանակում եք ակնկալում վերադարձնել Yerevan Mall-ի վրա կատարած ներդրումները։

Բիզնես մոդելով նախատեսում ենք 12 տարվա ընթացքում ներդրման վերադարձ։ Բավականին լուրջ ներդրում է կատարվել, նպատակ ունենալով, մայրաքաղաքում ունենալ վայր, որը մեկ քայլով կմոտեցնի մեզ եվրոպական չափանիշներին եւ սպասարկման բարձր չափանիշներին։