Սիրիայից երկու տարի առաջ Հայաստան տեղափոխված ծրագրավորող Անդրանիկ Վարդանեանից գանձել են կենսաթոշակային 8% պարտադիր վճար, սակայն վերջինս չի պատրաստվում բողոք-դիմում ներկայացնել գործատուին ՝ նշելով, որ «եղածը մի մեծ բան չի»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սիրիահայ երիտասարդը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ տարվող պայքարին:
«Օրենքին դեմ եմ, բայց չեմ պատրաստվում փողոց դուրս գալ ու բողոքել: Ինձնից էլ են պահել ու պահել են նույնիսկ 8%, բայց դե ոչինչ: Եղածն ընդամենը 8 հազար դրամ է, մի մեծ բան չի էլի»,- ասաց նա:
NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե այսօր Հայաստանում կենսաթոշակային նոր օրենքին դեմ են հատկապես ՏՏ ոլորտի աշխատակիցները, Անդրանիկը նշեց. «Հա, դեմ եմ օրենքին, բայց դա չի նշանակում, որ կմասնակցեմ իրենց ցույցերին, որովհետեւ ամբոխը դեբիլ ա: Մենակ ցույցը չի կարող ինչ-որ բան փոխել»:
Հարցին՝ արդյոք սիրիահայ երիտասարդի համար սկզբունքային է բողոքի ցույցերի եւ ակցիաների չմասնակցելը՝ վերջինս մանրամասնեց. «Օրինակ, ազատամարտիկների բոլոր ցույցերին եղել եմ, բայց Շանթ Հարությունյանի կազմակերպած երթին ու մնացած ցույցերին չգնացի, որովհետեւ գաղափարապես նման չենք: Հա ի՞նչ, գնալ ու պահանջել, որ Մաքսային միություն չմտնենք: Անիմաստ է»:
Նշենք, որ Անդրանիկը երկու տարի առաջ է ծնողների եւ քրոջ հետ տեղափոխվել Հայաստան: Սիրիայում ապրում էին Նոր Գյուղ հայկական թաղամասում:
«Այնտեղ ոսկերչությամբ ու ծրագրավորմամբ էի զբաղվում: Հայաստանում առաջին երեք ամիսներին մատուցող եմ աշխատել: Հետո երկար ժամանակ անգործ էի, մինչեւ որ միջազգային ընկերություններից մեկից աշխատանքի առաջարկ ստացա»,- ասաց սիրիահայ երիտասարդը՝ ընդգծելով, որ աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, բայց չի բողոքում:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Շատ աշխատակիցներ դիմել են իրենց գործատուներին՝ պահանջելով չգանձել 5% պարտադիր վճարը:




























