Մաշտոցի պուրակում «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության փետրվարի 22-ին Մաշտոցի պուրակում կազմակերպած հանրային քննարկմանը մասնակցեցին ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, Մետրոպոլիտենի՝ աշխատանքից ազատված երկու աշխատակիցները, ինչպես նաեւ Արարատից, Մասիսից եւ Արատաշատից եկած «Հարավկովկասյան երկաթուղիների» մի խումբ աշխատակիցներ:
«Ճնշում են գործադրում, ժողովրդին պարտադրում են, որ գնան ստորագրեն: Ժողովրդի կեսն էլ չի դիմանում: Վարկերի տակ ճռռում են: Սաղ ժողովուրդն էլ վախեցած են, շոկի մեջ են: Ասում են՝ ֆոնդ ընտրի, ես էլ ֆոնդ չեմ ընտրում: Էս երկրի համար ես երաշխիք չունեմ»,- ասաց երկաթուղու աշխատակիցներից մեկը:
Այն հարցին, թե արդյոք չի վախենում իր աշխատանքը կորցնել, երկաթուղու աշխատակիցը պատասխանեց. «Եթե դանակը հասել ա ոսկորին, մինչեւ վերջ պիտի գնանք»:
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանի խոսքով, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում աշխատակիցների վրա ճնշումներն ավելացել են։
«Նույնիսկ այդ ճնշումները հասել են փողոցային ճնշումների: Այսօր մեզ նաեւ պետք է միանային Հրազդանից, Սեւանից եւ Գյումրիից, բայց տնօրինությունը, իմանալով այս ամենի մասին, այսօր նրանց հրատապ կանչել է գործի»,- նշեց նախաձեռնության անդամը:
«Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատակիցները պատմեցին, որ տնօրինությունն իրենց տարբեր միջոցներով ճնշում է, երբ հրաժարվում են ֆոնդ ընտրել. «Ասում են՝ նաչալնիկի մեջքի՞ն եք խփում»։
Ի դեպ, պուրակում ներկա՝ Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Անդրանիկ Գեւորգյանն ու Գագիկ Գալստյանը չխոսեցին լրագրողների հետ` պատճառաբանելով, որ հետեւում են իրենց փաստաբանների խորհրդին, այսինքն` դեռ չեն շփվում լրագրողների հետ:











