Ագրեսիվ տրամադրվածություն ու մրցակցելու հակվածություն կանանց շրջանում դրսեւորվում է էստրոգեն հորմոնի ազդեցությամբ: Ինչպես եւ տղամարդկանց մոտ տեստոստերոն հորմոնը, էստորգենը զգալիորեն ազդում է մարդու հուզական վիճակի վրա:
Միչիգանի համալսարանի գիտնականների խումբը հաստատել է, որ հորմոնն առավել շատ ազդում է միայնակ կանանց վրա ու նրանց վրա, ովքեր հակաբեղմնավորիչներ են օգտագործում: Բժիշկ Սթիվեն Սթենթոնն ու նրա խումբը փորձ են անցկացրել, որպեսզի ստուգեն իրենց տեսությունը էստրոգենի ազդեցության վերաբերյալ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Կամավորների խմբին առաջարկել են համակարգչային խաղալ՝ դրանից առաջ ստուգելով հորմոնալ մակարադակը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնց արյան մեջ էստրոգենի մեծ քանակություն է հայտնաբերվել, եռանդով էին խաղում, լավ արդյունքներ գրանցում: Հաղթանակի դեպքում էստրոգենի մակարդակն ավելի էր բարձրանում ու պահպանվում էր օրվա ընթացքում: Այն կանանց շրջանում, ովքեր պարտվում էին, էստրոգենի մակարդակը նկատելիորեն իջնում էր:




























