Ռուսաստանի Արզամաս քաղաքի հայկական սրճարանում 26-ամյա ուսանող Ալեքսանդր Սլակաեւի սպանության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, կալանավորված Վաչիկ Բուլախչյանը եւ մյուս երեք հայերը արդեն հարցաքննվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Ալվինա Գուլակյանը:
Նա նշեց, որ փաստաբանը հայտնել է, որ գործը դատարան կուղարկվի ապրիլին, եթե իհարկե լրացուցիչ քննություն կատարելու անհրաժեշտություն չլինի: Վաչիկ Բուլախչյանին սպառնում է նվազագույնը 8-10 տարվա ազատազրկում:
«Բոլորի հետ տեսակցությունները արգելված են, մենք դիմեցինք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ասացին, որ առայժմ ոչ մի բան չեն կարող անել, միայն դատից հետո կարող են դիմել, որպեսզի Վաչիկը գա եւ Հայաստանում պատիժը կրի»,- ասաց երիտասարդի մայրը:
Հիշեցնենք, որ Նիժեգորոդսկի մարզի Արզամաս քաղաքում անկարգություններ էին սկսվել տեղի սրճարանում կատարված սպանությունից հետո: 26-ամյա ուսանող Ալեքսանդր Սլակաեւը դեկտեմբերի լույս 7-ի գիշերը սպանվել էր «Օջախ» (Очаг) սրճարանի մոտ տեղի ունեցած կռվի ընթացքում: Ըստ տեղի բնակիչների՝ սրճարանը հայերին է պատկանում: Սպանության գործով 4 հայի են ձերբակալել: Բնակիչներն ավերել էին մի քանի կրպակներ եւ խանութների ցուցափեղկեր: Արզամասում ձերբակալել են հայերի գույքը ոչնչացրած չորս ջարդարարների: 15 հայ ընտանիքներ լքել են Արզամասը, քաղաքի հայկական բիզնեսը փակ է: Արզամասում բիզնեսմենը գնել է հայկական սրճարանը, որպեսզի կանգնեցնի ազգային հուզումները:
Վաչիկը ամուսնացած է, 3 տարի առաջ կնոջ եւ երեխայի հետ մեկնել էր ՌԴ, սկզբում աշխատում էր շինարարությունում, այնուհետեւ հայկական ռեստորանում շաուրմա էր պատրաստում, դեպքերից հետո Վաչիկի կինը եւ 3-ամյա երեխան վերադարձել են Հայաստան:
«Էդ դեպքը որ եղել է, գիշերը զանգել է ինձ, ասել, մամա, եկել են, պապիրոս ուզել, թե արա, պապիրոս տուր, ես էլ ասել եմ՝ ես արա եմ ձեզ համար, խմած են եղել երեք հոգով, ասել է՝ չունեմ, հետեւի մուտքով մտել են ու միանգամից գլխին տվել, մեկը տվել է, մեկն էլ հարձակվել է, երեխուն ծեծել է, ընկել է երեխեն, արյան մեջ շաղախված, աղջիկ աշխատողներ կային, տեսնելով արյունը՝ նրանցից մեկը ուշագնաց է եղել: Դանակ է ընկել ձեռը ու տենց ծակել ա, ասում է մամա ես չեմ հիշում, թե ոնց է կատարվել էդ բանը, գիտակցությունը կորցրել է, լրիվ մարմինը սեւացած, կապտուկների մեջ, մազերը պոկած:
Ինքը ինձ ասել է. «Մամ, ես մարդ եմ սպանել, բայց չէի ուզում, ինձ էին սպանելու, տվել եմ, սրտի անոթին ա երեւի կպել», բայց ինքը պաշտպանվել է, ասել է. «Կուզեի՞ր ես լինեի նրա տեղը, որ նա չլիներ, ես պիտի լինեի»,- պատմել էր Ալվինա Գուլակյանը:




























