Մետրոպոլիտենի երեք մեքենավարները, ովքեր փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով ազատվել էին աշխատանքից, մարտի 3-ին հայց կներկայացնեն  «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին NEWS.am-ին ասաց աշխատանքից ազատված շարժասանդուղքների մեքենավարների փաստաբան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Քրիստինա Գեւորգյանը:

«Այս պահին հայցն ենք պատրաստում, եւ մարտի 3-ին արդեն կդիմենք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց փաստաբանը:

Պատասխանող կողմն ըստ փաստաբանի լինելու է ընկերությունը, ոչ թե տնօրենը. «Մենք հայց ենք ներկայացնելու Մետրոպոլիտենի դեմ, այլ ոչ թե տնօրենի, որովհետև ընկերությունն է պատասխանատու ի դեմս տնօրենի 3 երիտասարդներին աշխատանքից անհիմն ազատելու համար»:

Կուտակայինի դեմ բողոքի ակցիայից հետո աշխատանքից ազատված Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Գեւորգյանը դատարանից պահանջելու են աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, ապահովել աշխատանքով, ինչպես նաեւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց:

Մեքենավարների փաստաբանը չի շտապում կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը:

«Այն, որ խախտվել են աշխատանքային օրենսդրության մի շարք հոդվածներ, դա 100% է: Մնացածը դատարանն արդեն կորոշի»,- նշեց Քրիստինա Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երեւանի Մետրոպոլիտենի  մոտ երկու տասնյակ աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել էին Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ՝ բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 14-ին տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ակցիայից հետո երեք աշխատակից՝ Անդրանիկ Գեւորգյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Գագիկ Գալստյանը հեռացվել են աշխատանքից: Մինչդեռ Մետրոպոլիտենի մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնել էին, որ աշխատանքից ազատված մեքենավարները «հազար անգամ թուքումուր կերած մարդիկ են»: