Եվրոպայում գործազրկության մակարդակը գերազանցում է բոլոր ռեկորդները: 2013-ին ԵՄ անդամ երկրներում առանց աշխատանքի է մնացել քաղաքացիների մոտ 11%-ը: Այս տարվա համար եւս կանխատեսումներն անմխիթար են:
Անցած տարի ԵՄ անդամ երկրներում գործազրկության մակարդակը հասել է բացարձակ ռեկորդի՝ 10,9%, հայտնում է «Ռոսիսկայա գազետա»-ն՝ հղում անելով «Եվրոստատին»:
ԵՄ-ում գործազրկության մակարդակը տատանվում է: Այսպես, Իտալիայում եւ Ֆրանսիայում գործազուրկ քաղաքացիների թիվը հասել է 10,8%-ի եւ 11,5%-ի, Գերմանիայում՝ ավելի քան 5%՝ մոտ 4 մլն մարդ: Ռեկորդակիրը մնում է Հունաստանը՝ 60%:
Կանխատեսումները դրական չեն: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալներով՝ 2014-ին եվրագոտում գործազրկության մակարդակը կհասնի ռեկորդային 12,3%-ի, հայտնում է «Ինտերֆաքսը»: Մասնագետների գնահատմամբ՝ այս տարի Իսպանիայում եւ Հունաստանում գործազրկությունը կարող է աճել մինչեւ ԵՄ-ի ամբողջ պատմության մեջ բացարձակ առավելագույնի՝ ավելի քան 28%:
ՏՀԶԿ-ի կարծիքով՝ նման իրավիճակի պատճառը Եվրամիության ոչ ճիշտ տնտեսական քաղաքականությունն է եւ ճգնաժամի սոցիալական հետեւանքները:



























