Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հատուկ պահանջմունքներով մարդկանց՝ հասարակությանն ինտեգրվելու եւ հաղորդակցության խնդիրներին նվիրված բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Փառատոնը բացվել է ռեժիսոր Քրիստոֆեր Մենոլի «Ամառ փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ:
«Ես համոզված եմ, որ փառատոնը հայ հանդիսատեսին ոչ միայն էսթետիկ հաճույք կպարգեւի, այլեւ ինչ-որ չափով կօգնի լուծում գտնել հասարակության մեջ առկա հաղորդակցական խնդիրներին»,- նշեց «ԱրմենԹել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Բրիտանական փառատոնի առանձնահատկությունն այն է, որ դրա շրջանակներում ներկայացված են բացառապես բրիտանական արտադրության ժամանակակից ֆիլմեր»,- նկատեց Հայաստանում Բրիտանական Խորհրդի ներկայացուցչության ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը:
Փառատոնի շրջանակներում 9 կինոֆիլմ կցուցադրվի Երեւանում, Գորիսում, Գյումրիում եւ Գավառում:
Երեւանում ցուցադրությունները տեղի կունենան փետրվարի 22-մարտի 5-ը՝ «Մոսկվա», «Նաիրի» եւ «Սինեմա Սթար» կինոթատրոններում:
Գավառում, Գորիսում եւ Գյումրիում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-16-ը: Բոլոր սեանսների մուտքն ազատ է:
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի կազմակերպիչը Բրիտանական խորհուրդն է, աջակիցներն են՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF): Փառատոնի գլխավոր հովանավորն «ԱրմենԹել» ընկերությունն է:




























