Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը 24 ժամ ժամանակ ունի, որպեսզի վերադառնա 2004թ.-ի Սահմանադրությանը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
«Կիեւում իշխանափոխություն չի եղել: Կառավարական շենքերը դատարկ են: Ռադայի խոսնակն օրինական ճանապարհով է ընտրվել: Նախագահ Յանուկովիչը 24 ժամ ժամանակ ունի, որպեսզի վերականգնի 2004թ.-ի սահմանադրությունը»,-հայտարարել է Սիկորսկին:
Հիշեցնենք, որ Սահմանադրությունն ընդլայնում է խորհրդարանի լիազորություններն ու սահմանափակում նախագահի լիազորությունները: Ուկրաինայի նախագահը կորցնում է իրավունքը նշանակել կամ ազատել նախարարների կաբինետի անդամներին:
Փետրվարի 21-ին Սիկորսկին Մայդանում վիրավորների մասին գրել էր. «Ես ուրախ եմ, որ կարողացա կառավարական ինքնաթիռով 7 հերթական վիրավորի տեղափոխել Կիեւից: Մյուսների հետեւից բանակային ինքնաթիռ կուղեւորվի»,- գրել է նա:
Ավելի վաղ Սիկորսկին մեկ այլ հայտարարություն էր կատարել: Ինչպես հաղորդում է լեհական fakt.pl պարբերականը, Սիկորսկին հայտարարել էր. «Եթե չաջակցեք համաձայնությանը, ռազմական դրություն կհայտարարվի, բանակ կլինի, դուք բոլորդը կզոհվեք»:
«Մեր նախարարի պահվածքը կարող է վկայել, թե ինչ լարված իրավիճակ է ստեղծվել բանակցությունների ընթացքում եւ Ուկրաինայի կառավարության ու ցուցարարների միջեւ համաձայնության կնքման ժամանակ:
Ինչպես երեւում է, Ռադոսլավ Սիկորսկին պայքարում էր, որպեսզի երկու կողմերին հեռու պահեր արյունահեղությունից: Դուրս գալով բանակցությունների անցկացման սենյակից՝ արտգործնախարարը լարված էր ու չէր թաքցնում, որ ամենը դանակի սայրին է: Ստիպված էր այդ ժամանակ վերջին փաստարկը կիրառել. «Եթե չաջակցեք համաձայնությանը, ռազմական դրություն կհայտարարվի, բանակ կլինի, դուք բոլորդը կզոհվեք»: Այդ տեսարանը գրանցել էր բրիտանական ITV News Europe» հեռուստաալիքի տեսախցիկը, գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել են համաձայնություն իրավիճակի քաղաքական կարգավորման մասին: Նույն օրը Գերագույն ռադան մի շարք որոշումներ է ընդունել՝ 2004թ.-ի սահմանադրության վերականգնում, ՆԳՆ ղեկավարությունից Վիտալի Զախարչենկոյի պաշտոնից հեռացում, ակտիվիստների ազատ արձակում, պետության կողմից ցույցերի ընթացքում զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին օգնության տրամադրում: Բացի այդ օրենք է ընդունվել, որով փետրվարի 22-ին ազատ է արձակվել նախկին վարչապետ, «Բատկովշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին:




























