Վիկտոր Յանուկովիչին պետք է դատապարտեն Մայդանում, ինչպես նաեւ վերջ տան ետնաբեմային քաղաքականությանը: Այդ մասին Կիեւի Մայդանի բեմից ելույթ ունենալիս հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ խոստանալով, որ հանդես կգա իբրեւ երաշխավոր, որ «Ուկրաինան կլինի այնպիսին, ինչպիսին որ ցանկանում է տեսնել ժողովուրդը»:
«Մինչ այս պահը քաղաքական գործիչներն արժանի չէին ձեզ: Նրանք չարժեին եւ ոչ մի կաթիլ արյուն, որը հեղվել էր հանուն Ուկրաինայի: Եվ ես ցանկանում եմ, որպեսզի դուք տեսնեք այլ քաղաքական գործիչների, այլ պաշտոնյաների, ովքեր արդարորեն կաշխատեն: Եվ մենք ձեզ հետ միասին կանենք դա, հավատացեք»,- հայտարարել է Տիմոշենկոն, հաղորդում է Lb.ua-ն:
Նա կոչ է արել Մայդանին չցրվել, քանի դեռ չեն իրագործվել բոլոր պահանջները. «Դուք հերոսներ եք, դուք լավագույնն եք, ինչ ունի Ուկրաինան»: Նա ասել է, որ նոր երկիր է եկել: «Դուք այս երկիրը նվիրեցիք մեզանից յուրաքանչյուրին: Մարդիկ, ովքեր Մայդանում էին, ովքեր զոհվել են Մայդանում, հերոսներ են դարերի համար, նրանք մեր ազատագրիչներն են»:
Ավելի վաղ Ռադի խոսնակ ու Յուլիա Տիմոշենկոյի կուսակից Ալեկսանդր Տուրչինովը հայտարարել էր, թե Մայդանը հասել է իր առջեւ դրված բոլոր նպատակներին, ու կարող է հանգիստ ցրվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել են համաձայնություն իրավիճակի քաղաքական կարգավորման մասին: Փաստաթուղթը ենթադրում էր վերադարձ 2004թ.-ի Սահմանադրությանը, ժողովրդական միասնության կառավարության ստեղծում ու արտահերթ նախագահական ընտրություններ: Սակայն արդեն փետրվարի 22-ին Գերագույն Ռադան իր որոշմամբ փոխեց հիմնական օրենքը, փոխեց խորհրդարանի եւ ՆԳՆ ղեկավարությունը: Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեցին մայիսի 25-ին, ինչպես նաեւ բանտից ազատ արձակվեց նախկին վարչապետ Յուլիս Տիմոշենկոն:
Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ հայտնի չէ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրը:



























