Սպիտակ տունը ողջունում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումն ու նրան շուտափույթ առողջացում է ցանկանում: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի կողմից Սպիտակ տան կայքում:
Վաշինգթոնը շարունակում է կոչ անել կողմերին վերջ տալ բռնությանը եւ կենտրոնանալ խաղաղ, ժողովրդավարական երկխոսության վրա: «Մենք շարունակում ենք աշխատել մեր դաշնակիցների, Ռուսաստանի, համապատասխան եվրոպական ու միջազգային կազմակերպությունների հետ ուժեղ, բարգավածող, միացյալ ու ժողովրդավար Ուկրաինայի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ը խորապես գնահատում է Ուկրաինայի հետ հարաբերությունները եւ կշարունակի համագործակցել ուկրաինացիների հետ նրանց ճանապարհին դեպի ժողովրդավարություն ու տնտեսական զարգացում
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել են համաձայնություն իրավիճակի քաղաքական կարգավորման մասին: Փաստաթուղթը ենթադրում էր վերադարձ 2004թ.-ի Սահմանադրությանը, ժողովրդական միասնության կառավարության ստեղծում ու արտահերթ նախագահական ընտրություններ: Սակայն արդեն փետրվարի 22-ին Գերագույն Ռադան իր որոշումներով փոխեց հիմնական օրենքը, փոխեց խորհրդարանի եւ ՆԳՆ ղեկավարությունը: Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեցին մայիսի 25-ին, ինչպես նաեւ բանտից ազատ արձակվեց նախկին վարչապետ Յուլիս Տիմոշենկոն: Իրենց հերթին ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ հայտնի չէ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրը:




























