Բրազիլական Սան-Պաուլու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 120 հոգու, ովքեր մասնակցում էին բողոքի ցույցին ընդդեմ երկրում 2014թ.-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման:

Հաղորդվում է, մոտ հազար մասնակից հավաքած ցույցը սկզբում խաղաղ էր ընթանում, սակայն այն բանից հետո, երբ մի շարք մասնակիցներ փորձել են բարիկադներ կառուցել, ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախումներ են սկսվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են հատուկ միջոցներ կիրառել, այդ թվում նաեւ արցունքաբեր գազ:

Ոստիկանության տվյալներով՝ բախումների հետեւանքով վիրավորվել են չորս ցուցարար ու երկու ոստիկան: Ընդ որում ցույցի մի շարք մասնակիցներ ոստիկանությանը մեղադրել են ուժը չարաշահելու  մեջ՝ հավելելով, որ բախումները հրահրել են ցույցին միացած Black Bloc խմբավորման ակտիվիստները, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

Նշենք, որ Սան-Պաուլուում հունիսի 12-ին պետք է կայանա ֆուտբոլի 2014թ.-ի աշխարհի առաջնության առաջին հանդիպումը: Այս առաջնության անցկացման համար Բրազիլիայի իշխանությունները ծախսել են նվազագույնը 11 մլրդ դոլար: 2013թ.-ի ամռանը ողջ Բրազիլիայում բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան ընդդեմ բյուջեի միջոցների չարաշահման տնտեսական բարդ իրավիճակում:

Բրազիլիայի իշխանություններն իրենց հերթին նշում են եկամուտների մասին, որը կբերի Աշխարհի առաջնություն-2014-ը: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ երկրի  բնակչության մեծամասնությունը Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման գաղափարին դրական են վերաբերվում: