Ուկրաինայի Գերագույն Ռադայում Տարածաշրջանների կուսակցության խմբակցությունը երկրում բախումների ընթացքում մարդկային զոհերի պատասխանատվությունը բարդել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մերձավոր շրջապատի վրա: Համապատասխան հայտարարությունը տարածվել է կուսակցության կայքում, այսօր՝ փետրվարի 23-ին:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան խաբված եւ կողոպտված է, բայց դա էլ ոչինչ է այն ողբերգության առջեւ, որին բախվել են տասնյակ ուկրաինացի ընտանիքներ, որոնք բախման երկու կողմերում հարազատներ են կորցրել: «Ուկրաինային դավաճանեցին, իսկ մարդկանց կռվեցրին... Ողջ պատասխանատվությունը Յանուկովիչի եւ նրա շրջապատի վրա է.. Միլիոնանոնց կուսակությունը դարձել էր մեկ կոռումպացված ընտանիքի գերին»,- նշել են Յանուկովիչի նախկին կուսակիցները:
Կուսակցությունը դատապարտել է ապօրինի հրամանները, Յանուկովիչի փախուստն ու փոքրոգությունը: Տեքստը կարդացել է խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆիմովը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը Յանուկովիչին զրկել է նախագահական լիազորություններից եւ վաղաժամ ընտրություններ նշանակել:











