Յուլիա Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնում հարգանքի համար ու խնդրում է չդիտարկել իր թեկնածությունն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում: Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը տարածել է «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը:

«Ինձ համար անակնկալ էր տեղեկությունն այն մասին, որ ինձ Ուկրաինայի վարչապետի պաշտոնն են առաջարկում: Այդ հարցն ինձ հետ ոչ ոք չի քննարկել ու չի համաձայնեցրել: Շնորհակալ եմ հարգանքի համար, սակայն խնդրում եմ չդիտարկել իմ թեկնածությունը կառավարության նախագահի պաշտոնում»,- ասվում է Յուլիա Տիմոշենկոյի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ կառաջադրի թեկնածությունն Ուկրաինայի նախագահի պաշտոնում, որի ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին: Այդ մասին նախկին վարչապետը լրագրողներին հաղորդել է փետրվարի 22-ին Խարկովից Կիեւ մեկնումից առաջ:«Ես այժմ գնում եմ Մայդան»,- ասել է Տիմոշենկոն: Պատասխանելով հետագա ծրագրերի մասին հարցին, նա հայտարարել է. «Ես առաջդրելու եմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»:

Նշենք, որ մի շարք եվրոպացի ու ամերիկացի պաշտոնյաներ շնորհավորել են Ուկրաինայի նախկին վարչապետին ազատ արձակվելու կապակցությամբ, մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, Շտեֆան Ֆյուլեն, ԱՄՆ-ի սենատորներ Ջոն Մաքքեյնը, Ռիչաևդ Դուբրինն ու Քրիս Մերֆին:«Զրույցի ընթացքում Անգելա Մերկելը շնորհավորել է Յուլիա Տիմոշենկոյին ու վստահություն հայտնել, որ նրա վերադարձը մեծ քաղաքականություն Ուկրաինայում տիրող դրության կայունացման, մեր երկրի միասնականության պահպանության ու եվրոպական ռեֆորմների վերդարաձի գործընթացում կարեւոր գործոն կդառնա»,- ասվում է «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:Կուսակցությունից հաղորդում են, որ զրույցի ընթացքում Մերկելն ու Տիմոշենկոն պայմանավորվել են մոտ ժամանակներում կայանալիք հանդիպման շուրջ:

Բացի այդ Տիմոշենկոն հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ֆյուլեի հետ: Մամուլի ծառայություն տեղեկությունների համաձայն՝ նա շնորհավորել է ուկրաինացի նախկին վարչապետին ազատ արձակվելու կապակցությամբ ու նշել, որ նրա վերադարձը «կնպաստի Ուկրաինայի վերադարձին զարգացման ժողովրդավարական ուղի»: Բացի այդ, Տիմոշենկոյին շնորհավորած ամերիկացի սենատորները հույս են հայտնել, որ Տիմոշենկոյի վերադարձն ակտիվ քաղաքականություն կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ու երկրի տնտեսության վերականգմանը:Փետրվարի 22-ին ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հեռախոսային բանակցություններ է վարել Ուկրաինայի նախկին վարչապետ, Բատկիվշչինա կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի եւ ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ, որոնց անվանել է երկու նշանավոր ուկրաինացի հայրենասերներ: