Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն այցելելով՝ միաժամանակ ցավակցել եւ շնորհավորել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներին, արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Դեսպանին իր ցավակցությունն ու շնորհավորանքը փոխանցել է կոմիտեի անդամ, ազգային անվտանգության պետվարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: 

«Ամենաահավորն, իհարկե, այն է, որ զոհվել են մարդիկ»,-«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է դեսպանը, - «Երեկ եւ այսօր Հայաստանի շատ քաղաքացիներ՝ ուկրաինացիներ եւ հայեր են զանգահարում դեսպանատուն, ցավակցում, հայտնում են զորակցություն: Դա մեզ համար շատ հաճելի է»:

Իվան Կուխտան հավելել է, թե հիմա բոլորն ուշի-ուշով հետեւում են ուկրաինական Ռադայի որոշումներին, որոնք հնարավորություն կտան ղեկավարել երկիրը:

«Ցանկացած պետություն պետք է լինի կառավարելի»,-հավելել է դեսպանը:

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանը դեսպանատան հուշամատյանում գրառում է արել:

Ուկրաինայի դեսպանատունն այսօր հոգեհանգստի կարգ էր պատվիրել Հայ առաքելական եկեղեցում: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Երեւանում՝ «Սուրբ Զորավոր»  եկեղեցում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում