Ուկրաինայի ճգնաժամին ռազմական միջամտությամբ խառնվելը Վլադիմիր Պուտինի համար լուրջ սխալ կլիներ: Այս մասին փետրվարի 23-ին  ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը: 

Nbcnews-ի փոխանցմամբ՝ Ռայսը նշել է նաեւ, որ «Միացյալ Նահանգներն ուկրաինացի ժողովրդի կողքին է եւ ցանկանում է դեմոկրատական ընտրություններ տեսնել, ու այնպիսի հնարավորություն, որ բոլորը միասին կոալիցիոն կառավարություն կազմեն», այն բանից հետո, երբ շաբաթ օրը նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնազրկվեց:

Նա նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները Միջազգային արժութային ֆոնդի հետ համատեղ ուկրաինական տնտեսության համար, որը Ռայսը բնութագրել է որպես «շատ, շատ փխրուն» ու բարելավման կարիք ունեցող, ֆինանսավորում կհատկացնի:

«Այդ հեղաշրջումից հետո պահանջվում էր, որ Յանուկովիչը հրաժարական տար, «բայց նա գնաց, նա կորցրեց իր ողջ լեգիտիմությունը, որը ստացել էր դեմոկրատական ընտրությունների ժամանակ, բռնի ուժ կիրառեց փողոցում խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ փորձեց բռնանալ ուկրաինացի ժողովրդի կամքի վրա»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը: