Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասնա ծռեր» ջոկատի հիմնադիր-հրամանատար Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) չի մասնակցել Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարին եւ արդեն 7 տարի է՝ ինչ վարչության անդամ չէ: NEWS.am-ի թղթակիցը նրա հետ զրուցել է ԵԿՄ վերջին համագումարի, նույն օրը կայացած ԲՀԿ համագումարի շուրջ:

Ինչո՞ւ ներկա չեք եղել ԵԿՄ համագումարին:

Պատճառը նույն օրը՝ համարյա նույն ժամանակում, կայանալիք համագումարներն էին՝ ԲՀԿ եւ ԵԿՄ: ԲՀԿ-ում ես ծավալում եմ իմ քաղաքական գործունեությունը, իսկ ԵԿՄ-ն իմ կենսագրությունն է, եւ ոչ ոք չի կարող այն ինձնից խլել:

Բայց չէ՞ որ որոշ ԲՀԿ-ականներ հասցրել էին ներկա գտնվել երկու համագումարին էլ:

Տեղյակ չեմ՝ ովքեր են եղել, գուցե իրենց այդպես էր պետք: Նախ, ես ծափեր տվողների շարքում չեմ գտնվում, հետո՝ կիսատ խոսք, կիսատ գործ, կիսատ մասնակցություն երբեք չեմ ընդունել իմ կյանքում, ուրեմն՝ լիարժեք պետք է լինեի կամ ԵԿՄ-ի, կամ ԲՀԿ-ի համագումարին:

Ինչո՞ւ չընտրվեցիք ԵԿՄ վարչության անդամ, ընտրվողները ձեզնից արժանավո՞ր էին։

Վարչության ցուցակում ընդգրկված էի, բայց ներկայությունս համագումարին պարտադիր էր: Ես ներկա չեմ գտնվել, պատճառն արդեն ասացի: Ափսոսում եմ, բայց նեղվելու առիթ էլ չունեմ: Ընտրվողների արժանավոր լինել, չլինելն էլ թող ճանաչողները դատեն:

Ինչպե՞ս եք գնահատում ԵԿՄ վարչության նոր կազմը, որտեղ ընդգրկված են բանակում չծառայած, պատերազմին չմասնակցած անձինք, արդյոք դրանով չի՞ նսեմանում իսկական երկրապահի կերպարը։

Երկրապահի կերպարը երբեք չի նսեմանա, քանի դեռ նրա հիմքում սպարապետ Վազգեն Սարգսյանի կերպարն է: Իսկ ներկա ժամանակի Երկրապահին երեւի նման վարչության կազմ էր պետք, դա ժամանակի պահանջն էր եւ երկրի իշխող կուսակցության, որից անխտիր կօգտվի ներկայիս Երկրապահը, թեպետ վարչության մեջ կան ընդգրկված պատերազմին մասնակցած մի շարք տղերք, հայտնի գեներալներ, որոնք պատերազմի ծանր ուղի են անցել եւ ամենահատկանշականը վարչության նախագահ, պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանն է:

Նույն օրը տեղի ունեցավ ԲՀԿ համագումարը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, բայց չի պահանջում այն ձեւավորած նախագահի հրաժարականը։

Երկրի նախագահի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը աշխարհաքաղաքական դաշտում մեծ տերությունների կողմից թելադրվող իրավիճակային բոլոր ժամանակներում, կարծում եմ, համաշունչ քայլեր են: Բայց նախագահը ժողովրդի կողմից վստահությունը կորցրած կառավարությունը փոխելու մտածելու խնդիր ունի:

ԲՀԿ-ն շատ է քննադատվում իր այլընտրանքային պահվածքի համար։ Ըստ ձեզ՝ հնարավո՞ ր է՝ ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին։

ԲՀԿ-ն առայժմ այն է, ինչը որ կա: Դրա մասին վկայեց քաղաքական առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը վերջին համագումարի ժամանակ, որը պարզ ընկալելի էր թե ողջ ժողովրդին, թե բոլոր քաղաքական ուժերին: Նրա խոսքի մեջ չկար ոչ իշխանական երանգ եւ ոչ ընդդիմադիր, նրա ելույթում խոսում էր միմիայն ժողովուրդը:

Առհասարակ օլիգարխը կարո՞ ղ է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ լինել։

Ո՞ւմ նկատի ունեք:

Գագիկ Ծառուկյանին:

Եւ չե՞ք կարծում, որ ունենալով իր շարքում բազմաթիվ գործարարներ, ընդդիմադիր դառնալը ԲՀԿ-ից առնետավազքի պատճառ կարող է հանդիսանալ։ Ցավում եմ շատերին, որ միայն օլիգարխի աչքերով են նայում Ծառուկյանին: Նա լոկ կուսակցության առաջնորդ չէ, մեծ բարերար է եւ երկրի ճակատագրողի տեսակ: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր լինելուն կամ առնետավազքին, կասեմ հետեւյալը՝ քաղաքական դաշտում ընդդիմադիրի շապիկ հագած ոչ մի քաղաքական ուժ, անգամ իրենց կողմից կատարված կոշտ քայլերով, ժողովրդի եւ պետության համար չեն արել այն, ինչ-որ անում է ԲՀԿ-ն՝ առանց այդ շապիկը կրելու: Ամեն կուսակցության մեջ էլ կան որոշակի առնետներ, բայց առնետավազքը միշտ տեղի է ունենում թույլ առաջնորդների պարագայում:

ԲՀԿ-ն անընդհատ կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հնարավոր համարո՞ւմ եք Քոչարյանի վերադարձը քաղաքականություն ԲՀԿ-ի միջոցով։

Հարցեր եք տալիս, որի պատասխանը իմ իրավասությունից դուրս է: Բայց որպես քաղաքական գործչի, ինչքան գիտեմ, Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ քաղաքականության մեջ է եղել եւ քաղաքական դաշտում իր ծանր խոսքը ասելիս խուսափելու կամ քաշվելու ոչինչ չունի, նախագահ, որը իր ողջ կառավարման ընթացքում երկրում ապահովել է տնտեսական աճ եւ պաշտոնավարման վերջին տարիներին՝ ներգաղթ: Իսկ ինչ վերաբերում է իրեն եւ ԲՀԿ-ին, այդ հարցին անցած քառօրյայի ժամանակ լրագրողներին հստակ եւ բոլորին հասկանալի պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:

Ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքը ասելիս խուսափելու կամ քաշվելու ոչինչ չունի, միթե մարտի 1-ը կաշկանդող հանգամանք չէ՞:

Չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել, քանի որ մեր ժողովրդի համար շատ ցավոտ էջերից մեկին ենք անդրադառնում: Բայց կարճ կարող եմ ասել հետեւյալը, ըստ տրամաբանության՝ իր իշխանության ժամանակահատվածը նորմալ ավարտած նախագահին, ձեր կարծիքով, արդյոք պե՞տք էր մարտի 1-ը:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը