Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին, որ չփորձեն միջամտել Ուկրաինայի «բարդ» ճգնաժամին: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը՝ նշելով, որ իր երկիրը ներդրում է ունենալու Ուկրաինայի տնտեսության «հուսահատ վիճակի» բարելավման միջազգային ծրագրին: Reuters-ի փոխանցմամբ, Հեյգը հայտարարել է, թե իր կառավարությունը մշտական շփումների մեջ է ռուսաստանյան կառավարության հետ՝ համոզելու, որ Ուկրաինայի եւ Եվրամիության ավելի սերտ կապերը չպետք է անհանգստացնեն նրանց:
«Եթե կա ինչ-որ տնտեսական փաթեթ, կարեւոր է, որ Ռուսաստանը ոչինչ չանի այդ միջոցները խաթարելու ուղղությամբ, եւ կարեւոր է, որ համագործակցի այդ միջոցների համար»,- ասել է Հեյգը BBC-ի հետ հարցազրույցում:
Երբ նախարարին հարցրել են, արդյոք անհանգստացած է, որ Ռուսաստանը կարող է Արեւելյան Ուկրաինայի ռուսախոս հատվածին պաշտպանելու համար այդ շրջաններ տանկեր մտցնել, Հեյգը պատասխանել է, որ «արտաքին ճնշման» պահով Ռուսաստանին զգուշացվել է: «Դա Ռուսաստանի շահերից չի բխի: Մենք պետք է պահպանենք Ռուսաստանի հետ կապը, ինչպես անում ենք, որ Ուկրաինայի ժողովուրդը կարողանա ընտրել իր ուղին: Բազմաթիվ վտանգներ ու անորոշություններ կան:
Նրա խոսքով, առաջնահերթ խնդիր է Մոսկվային բացատրել, որ Ուկրաինայի ճակատագիրը դա «զրոյական գումարով խաղ» չէ, եւ ԵՄ-ի հետ սերտ կապերը այդքան էլ վատ բան չեն:




























