Ուկրաինան ապրել է եւ փառահեղ, եւ ողբերգական օրեր իր նորագույն պատմության ընթացքում եւ ամրացել որպես ժամանակակից քաղաքական ազգ: Այդ մասին, Liga-ի փոխանցմամբ, ասվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ, երկրի նախագահի լիազորությունները ժամանակավոր ստանձնած Ալեքսանդր Տուրչինովի ուղերձում:
Նրա խոսքով, բռնապետության դեմ հաղթանակի համար չափազանց մեծ գին է վճարվել: Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով, զոհվել է առնվազն 88 մարդ:
Ըստ Տուրչինովի, այսօր առաջնահերթ խնդիրը դիմակայությունը դադարեցնելն է, կառավարումը վերականգնելը, երկրի ղեկավարումն ու իրավակարգը պահպանելը, խաղաղություն եւ անդորր ապահովելը, ներքին զորքերին իրենց տեղակայման վայր ուղարկելը, նոր զոհեր թույլ չտալն ու լոկալ բախումներն ու ինքնադատաստանները արգելելը: «Պետք է կոշտ հարված հասցվի անջատողականության եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած դրսեւորման»,- ասել է Տուրչինովը:
Խոսելով տնտեսական վիճակի մասին՝ նա նշել է, թե Ուկրաինան անդունդն է գլորվում եւ գտնվում է նախասնանկային վիճակում: Բացի տնտեսության վերականգնումից եւս մեկ գերակայություն է եվրաինտեգրման կուրսին վերադառնալը: Միաժամանակ, նա շեշտել է, թե իրենք հասկանում են ՌԴ հետ կապերի կարեւորությունը, եւ պատրաստ են երկխոսության Ռուսաստանի ղեկավարության հետ՝ այդ երկրի հետ նոր, իսկապես հավասար եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, որը կենթադրի Ուկրաինայի եվրոպական ընտրության հարգում»:




























